Ցածր կրունկով տղամարդու կոշիկներ

Պատմությունը փաստում է, որ առաջին անգամ տղամարդիկ սկսել են կրել կրունկով կոշիկ դեռ 10-րդ դարում։ Այս մշակույթի հիմքը դրվել է Պարսկաստանում, և եթե հետո կրունկը դարձավ նաև գեղեցկության ու ոճի դետալ, ապա սկզբնական շրջանում ուներ բացառապես տեխնիկական ֆունկցիա. օգնում էր հեծելազորին ոտնաթաթն ավելի ամուր պահել ասպանդակի մեջ։

Ժամանակները փոխվել են, հիմա կրունկով կոշիկն ավելի շատ կապում են ոճի հետ՝ որպես որոշ մոդելների կարևոր մաս, բայց պետք չէ սահմանափակվել միայն արտաքին տեսքով։ Իրականում, բացի տեսքից, փոքր կրունկը լուծում է մի շարք այլ հարցեր։ Կարևոր է հիշել, որ կոշիկի հարմարավետությունն առաջնահերթ է, որովհետև կրելու ենք ամբողջ օրը, հաճախ ենք շարժվելու, իսկ մեզնից շատերը, վստահ ենք, ունեցել են անհարմար ու անորակ կոշիկ կրելու փորձ։ Նման տխուր փորձն ավարտվում է՝

  • կոշտուկներով,
  • ոտքի ու մեջքի շրջանում ցավերով,
  • հոգնած ոտքերի» զգացողությամբ,
  • մկանային լարվածությամբ և այլն։

Ճիշտ ու որակյալ կրունկով կոշիկ ընտրելու դեպքում նման խնդիրներ չեն լինի։ Օրինակ, երկար քայլելու դեպքում նման կոշիկներն՝

  • ավելի հարմար են,
  • ոտնաթաթը չի լարվում,
  • անհարմարության զգացում չի առաջանում։

Իհարկե, այս մոդելների ունիվերսալությունը հաճելի բոնուս է՝ հարմարվետության հետ մեկտեղ։ Կարելի է համադրել տարբեր ոճի հագուստի հետ, երբեք դուրս չեն գալիս նորաձևությունից, միշտ լավ են նայվում։

Այսօր կքննարկենք ցածր կրունկի առավելությունները, կհուշենք՝ ինչպես ընտրել տղամարդու կրունկով կոշիկ, ինչու է կրունկի բարձրությունը կարևոր, որն է ամենահարմար չափն ու ինչպես ընտրել ձեզ ամենահամապատասխան մոդելը։

Ինչո՞ւ է տղամարդու կոշիկի կրունկի բարձրությունը կարևոր

Ինչպես վերևում արդեն նշվեց, կրունկն ուղիղ կապ ունի ոչ միայն հարմարավետության, այլև՝ լավ ինքնազգացողության ու առողջության հետ, ունի ֆունկցիոնալ նշանակություն։ Կոշիկի փոքրիկ կրունկի շնորհիվ մարմնի քաշն ավելի ճիշտ է բաշխվում քայլելիս, ոտքերն ավելի ուշ են հոգնում։ Բացի դրանից, կրունկը կատարում է ամորտիզացիայի ֆունկցիա` դառնալով հենարան ոտնաթաթի համար։

Կրունկի բարձրությունը նաև դրական է ազդում ընդհանուր կեցվածքի վրա, քայլվածքը դառնում է ավելի ուղիղ, անգամ երկարատև կրելու դեպքում ողնաշարն ու հոդերը չեն վնասվում։ Մենք վստահ ենք, որ որակյալ կոշիկ ընտրելու դեպքում տղամարդիկ ստանում են բոլոր այս առավելությունները, քանի որ ճիշտ է հաշվարկված լինում կրունկի բարձրությունն ըստ մոդելի, կոշիկը կարվում է որակյալ հումքից, ներբանը ամուր է, կոշիկի վերևի հատվածը ճիշտ է «գրկում» ոտնաթաթը, հետևաբար քայլելը դառնում է իրական հաճույք։ Եթե այս ամենի մեջ կրունկը լիներ սխալ բարձրության վրա, ամբողջ «սիմֆոնիան» կքանդվեր։

Կրունկի օպտիմալ բարձրությունն ու ցածր մոդելների առավելությունները

Ցածր է համարվում մեկից երեք սանտիմետր բարձրություն ունեցող կրունկը, որն ամենատարածվածն է տղամարդկանց կոշիկների մոդելներում։ Հենց այս չափի կրունկն է, որ ունի էրգոնոմիկ առավելություններ.

  •  ոտնաթաթը բնական դիրքում է,
  • մկանների վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չկա,
  • հարթաթաթության խնդիր չի առաջանա,
  • եթե նման խնդիր կա՝ չի անհանգստացնի,
  • քանի որ ընդհանուր ոտնաթաթն ու ոտքերը լարված չեն, բնականաբար չեն լինի ցավեր մեջքի շրջանում։

Ցավոք, սխալ կոշիկ կրելիս տրավմա ստանալու հավանականությունը մեծանում է։ Ոտքը կարող է սեղմվել, ցավել, մկանները լարված են գործում, անգամ ոտքը ոլորելու հավանականությունն է բարձրանում, քանի որ լարված մկանների դեպքում մարդը վատ է կառավարում իր քայլքը։ Եվ, հետևաբար, հակառակը. եթե մկանները հանգիստ են, ոտքը լարված չէ, բնականաբար հնարավորինս քչանում է ոտքի տրավմա ստանալու հավանականությունը։

Նաև հենց այս նրբությունների համար են տղամարդիկ նախընտրում կրել կրունկով դասական կոշիկ օֆիսային աշխատանքի ընթացքում, կամ ցանկացած իրավիճակում, որի ժամանակ պետք է երկար մնան ոտքի վրա։

Քանի որ կրունկով կոշիկները խիստ պահանջարկ ունեն, բնական է, որ կան բազում մոդելներ, հենց սրա շնորհիվ էլ միշտ կարելի է գտնել համապատասխան զույգը՝ ըստ օրվա հագուստի, ոճի ու անգամ՝ տրամադրության։ Օրինակ, փոքր կրունկ ունեցող տարբերակներ են լոֆերները, օքսֆորդները, դերբիները, մոնկերը, դասական կոշիկները։ Կարևոր է չմոռանալ, որ նախընտրելի մոդելից բացի շատ կարևոր է, որ ճիշտ ընտրեք տվյալ կոշիկի չափը: Հենց դրա համար մենք ունենք հոդված կոշիկի չափը ճիշտ ընտրելու մասին, որը կօգնի արագ ու անվրեպ կողմնորոշվել ընտրության մեջ՝ չվնասելով ձեզ։

Ամփոփելով թեման

Ինչպես տեսնում եք, կոշիկ ընտրելիս իսկապես ամեն մանրուք կարևոր է։ Այսօրվա գիտակից գնումը ձեր ներդրումն է վաղվա հարմարավետության, ապահովության, կոշիկի երկարակեցության ու ձեր ոճային լինելու մեջ։ Հատկապես կրունկով կոշիկները համարվում են ամենադասական մոդելները, և դա պատահականություն չէ։ Եթե 10-րդ դարում դրանք կրում էին «տեխնիկական» պատճառներից ելնելով, իսկ 17-րդ դարի Եվրոպայում արդեն սեփական ստատուսն ընդգծելու համար, ապա այսօր՝ 21-րդ դարում կրունկով կոշիկը նախ հարմարավետության, անկաշկանդության մասին է, հետո արդեն՝ ոճի, ինքնատիպության։ Կարևոր է ընտրել բարձրորակ կոշիկ, որը երկար կծառայի ձեզ ու չի վնասի առողջությանը։ Եթե դեռ չեք գտել ձեր ամենահարմար զույգը, կարող եք ընտրել մեր հավաքածուից։

RETURN